Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Ֆուտբոլը հիացք է ու հմայք

Ֆուտբոլը հիացք է ու հմայք
03.02.2017 | 09:48

Որքան էլ ընդհանուրի մեջ ընդհանուր, այդուհանդերձ անգլիական ֆուտբոլն այս անգամ էլ եվրոպական ֆուտբոլում լծված էր առաջնության խաղերի շրջանակում հարաբերություններ պարզելուն, մինչ այլք տրված էին գավաթային խաղերին: Վերջիններս՝ գավաթային խաղերը, հնուց է հայտնի, աչքի են ընկնում առանձնահատուկ մարտական շնչով, և այստեղ խիզախել կարող է ցանկացած մեկը, քանզի կարճառոտ մրցաշարի տրամաբանությունը մեկ բան է, երկար ընթացք ունեցողինը՝ մեկ այլ: Ինչևէ, տեսական ուսուցման (կամ՝ հիշատակման) այս դասընթացից անցնենք գործնականի ներկայացմանը:

«ԱԹԼԵՏԻԿՈ»-«ԲԱՐՍԵԼՈՆ»
Արքայական գավաթի համար պայքարը, թերևս, ինչ հնարավոր անակնկալներ ուներ, արել-պրծել է: Հիշատակենք դրանցից վերջինը, որտեղ «Սելտան» մեկ քառորդի երկու խաղում էլ հավասարապես պատժիչ գործողություններ իրականացրեց աշխարհի լավագույն թիմերից մեկի՝ երկրի ընթացիկ առաջնության միանձնյա առաջատար Մադրիդի «Ռեալի» նկատմամբ ու «Ալկորկոնի» հետ խաղում լավագույն հնարավորություններ է պահպանում եզրափակիչ դուրս գալու համար: Կայանալիք այս դիմակայության հաղթողի առնչությամբ գուցե թե փոքր-ինչ փութկոտ ենք մեր եզրակացություն-սպասելիքներում, բայց տրամաբանությունն էլ այլ բան չի հուշում, թեպետ այն այլ բան չէր հուշում և «Սելտա»-«Ռեալ» դիմակայության առնչությամբ, մինչդեռ ամեն ինչ եղավ հակառակը: Ինչևէ, ձեր հնարավոր դիմադարձությունների դեմն առնենք «սա ֆուտբոլ է, որտեղ հնարավոր է ամեն ինչ» ճարպկումով ու անցնենք առաջ:
Գավաթի կիսաեզրափակիչ փուլի ազդարարումը եղավ «Աթլետիկո»-«Բարսելոն» դիմակայությամբ, որն իրավամբ բնութագրվեց որպես փոքր եզրափակիչ: Առճակատման առաջին փուլը նշանավորվեց կատալոնցիների հաղթանակով: «Բարսելոնի» երկու շրխկոցին (մեկը Լուիս Սուարեսի փայլուն անցման, մյուսն աջ եզրում Մեսիի հեքիաթային խաբսերի ու դրանց հետևած անկասելի հարվածի արդյունք էր) հետևեց դարպասի գրավմամբ ավարտված Անտուան Գրիզմանի դիմադարձումը: Ասվածը, սակայն, չի նշանակում, թե հանդիպման ընթացքում հիշարժան այլ բաներ չեղան: Հակառակը՝ պայքարն այնքան թեժ էր, որ միանգամից մի քանի խաղի կբավարարեր: Եվ այդուհանդերձ մադրիդցիները Բարսելոն են գնալու սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտության դառնությունը սրտերում, բայց և ամեն ինչ հօգուտ իրենց բեկելու վճռականությամբ: Այնպես որ շատ բան կորած է, սակայն ամեն ինչ չէ, որ կորած է:

ՉՈՐՍՈՒՄ՝ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԺԱՄԱՆԱԿ
Անակնկալների թեման շարունակելով՝ տրամաբանական է ներկայացնելու առումով առաջնահերթությունը տալ Ֆրանսիայի գավաթի խաղարկությանը, որքան էլ այն «երեխայական» փուլում է (1/16-ի խաղերն էին), ու թիմերն անհամեմատ երկար ճանապարհ ունեն անցնելու: Այստեղ ստացվեց այնպես, որ մրցակցի նկատմամբ սեփական առավելությունը ցուցանելու համար թիմերից չորսին լիուլի բավարարեց իննսուն րոպեն, իսկ չորսի համար քչություն արեց:
Սկսենք վերջիններից: «Օսեր»-«Սենտ Էտիեն» հանդիպման չոր ու ցամաք իննսուն րոպեն լրացուցիչում առատորեն փոխհատուցվեց դարպասի երեք գրավումով, երեքն էլ տանտերերի կատարմամբ: «Մարսել»-«Լիոն», «Լեզ Էրբե»-«Գենգամ» դիմակայություններում մրցող կողմերը մեկական գոլ փոխանակեցին: Լրացուցիչ ժամանակում առաջին դեպքում առավել հաջողակ եղան տանտերերը, երկրորդ դեպքում՝ հյուրերը: Երկուսում էլ խփվել է մեկ գոլ: Այս երեք դիմակայության սակավագոլության ֆոնի վրա բացառիկ առատագոլությամբ առանձնացավ «Շամբլի»-«Մոնակո» մրցակցությունը:


Ինչպես պատշաճում է բարձր կարգավիճակին («Մոնակոն» առաջնությունում կիսում է առաջին երկու հորիզոնականները) ու ամենաշատ գոլեր հեղինակած թիմի համարումին, հյուրերը շատ արագ ցույց տվեցին, թե դաշտում ով ով է՝ դառնալով երեք գոլի հեղինակ: Հետո հանգստությո՞ւն իջավ մոնեգասկների վրա, թե՞ «Շամբլին» տեսնելով, որ կորցրած տեղն արդեն ուրիշ բան չունի կորցնելու, խաղում այնպիսի բեկում եղավ, որ նույնիսկ ամենացնորական երազում անհնար էր տեսնել: «Շամբլին» կարողացավ հավասարեցնել հանդիպման հաշիվը՝ այն տեղափոխելով լրացուցիչ ժամանակահատված: Ասենք, որ տանտերերն այստեղ էլ դիտորդի կարգավիճակով հանդես չեկան, սակայն հյուրերը եղան առավել՝ 1:2:
Մյուս չորսում արձանագրվեցին հետևյալ արդյունքները. «Անժը» պարտության մատնեց «Կաննին» (3:1), «Սերկլ Բաստիան»՝ «Նանսին» (2:0), «Պարի Սեն Ժերմենը»՝ «Ռենին» (4:0), «Ավրանշը»՝ «Ֆլյորի Մերոժիին» (1:0):

ԵՐԿԱԹՅԱ ՏՈՏՏԻՆ
ՈՒղտի կաշվի մասին ժողովրդական բանաձևումն ընթերցողին ավելի քան հայտնի է, ուստի եկեք իշուն հանգիստ թողնենք, մանավանդ որ ասացվածքում կարևորվողը ոչ թե բուն կենդանին է, այլ նրա չափման միավոր լինելը: Ֆրանչեսկո Տոտտին քառասունն անցած ֆուտբոլիստ է, ու այդ տարիքում մարզիկների գերազանց մասը վաղուց խաղակոշիկները մեխից կախած է լինում: Շատերը, բայց ոչ Տոտտին, ով ոչ միայն իտալական «գայլերի», այլև առհասարակ իտալական ու համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից է:
«Ռոմա»-«Չեզենա» դիմակայությունը մոտենում էր պարզ անորոշության (հյուրերը կարողացել էին հավասարեցնել հաշիվը՝ 1:1), երբ տանտերերը հանդիպման 97-րդ րոպեին վաստակեցին տասնմեկմետրանոցի իրավունք: Նման դեպքերում պատասխանատվությունը ո՞վ է ստանձնում: Իհարկե նա, ով «ամենաեփվածն» է նյարդերին տիրապետելու կարողությամբ, վարպետությամբ, որակական ուրիշ չափանիշներով: Կարճ կապենք: Տոտտին դարձավ «Չեզենայի» ողբերգությունը:


2:1 հաշիվ արձանագրվեց նաև «Ինտեր»-«Լացիո» դիմակայությունում, սակայն այստեղ առավել հաջողակ եղան հյուրերը: Հավելենք լոկ, որ ավելի վաղ եղած մրցակցություններում կիսաեզրափակչի ուղեգիր էին ձեռք բերել «Նապոլին» (նվազագույն հաշվով առավելության էր հասել «Ֆիորենտինայի» նկատմամբ) ու «Յուվենտուսը», որը նեապոլցիների օրինակով, նույնպես սեփական հարկի տակ, 2:1 հաշվով կոտրել էր «Միլանի» դիմադրությունը:
Իտալական գավաթի կիսաեզրափակիչն աչքի է ընկնելու կատաղի ֆուտբոլով: Առճակատվելու են «Նապոլին» ու «Յուվենտուսը», «Լացիոն» ու «Ռոման»:


ԽԱՂՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ, ՇԱՀՈՒՄ Է «ՉԵԼՍԻՆ»
Պրեմիեր լիգայի յուրաքանչյուր նոր տուր մի նոր գեղեցիկ վրձնահարված է ամբողջացող կտավին, ու առանձնապես գնահատելին այստեղ այն է, որ այդ հանդիպումներում կանխորոշված ելք գրեթե չկա, իսկ անակնկալը ֆուտբոլի (բայց ինչու միայն ֆուտբոլի) ամենահետաքրքիր ցուցիչն է:
Անցնենք առարկայականին:
Իր համար հոբելյանական հարյուրերորդ խաղում «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը տուգանայինից առաջ մղեց իր թիմին, սակայն բրազիլացուն վիճակված չէր տոնը կատարյալ դարձնել, քանզի «Լիվերպուլը» ներկայացնող Վեյնալդումը կարողացավ հավասարեցնել հաշիվը, որն այդպես էլ անփոփոխ մնաց: Իհարկե, խաղավարտից 15 րոպե առաջ Դիեգո Կոստան կարող էր հաղթանակ բերել «ազնվականներին», սակայն նրա իրացրած տասնմեկմետրանոցը չեզոքացրեց լիվերպուլցիների դարպասապահը:
Խոշոր հաշվով այս ոչ-ոքին լավ արդյունք էր Անտոնիո Կոնտեի սաների համար, քանի որ, նախ, ահեղ մրցակցի հետ պայքարում միավորների խոշոր կորուստ չեղավ, երկրորդ, հերթականներում վրիպեցին անմիջական հետապնդողները՝ «Արսենալն» ու «Տոտենհեմը»՝ ավելի մեծացնելով հետ մնալը. առաջինը սեփական հարկի տակ անսպասելիորեն զիջեց «ՈՒոտֆորդին»՝ 1:2 (հետխաղյա մամլո ասուլիսում Արսեն Վենգերը խոստովանել է, որ խաղին նման տրամադրվածության պայմաններում իր ղեկավարած թիմը միանգամայն արժանի էր այդ պարտությանը), երկրորդն արտագնայում չկարողացավ կոտրել «Սանդրլենդի» դիմադրությունը (0:0): «Չելսին» արդեն ինը միավորով է առաջ այս երկուսից:
Ինչ վերաբերում է մանչեստրյան թիմերին, «Յունայթեդը» հյուրընկալել էր մրցաշարային աղյուսակը եզրափակող «Հալ Սիթիին», իսկ Խոսեպ Գվարդիոլայի սաներն արտագնա խաղ էին անցկացնում «Վեստ Հեմի» հետ:


«Մանչեստր Սիթին» պատվով արեց իր անելիքը՝ վաստակելով երեք միավոր (հաղթել է 4:0 հաշվով), իսկ ահա «Յունայթեդը» վերջին երկու խաղի հանգույն նորից բավարարվեց ոչ-ոքիով (0:0): Հանուն ճշմարտության խոստովանենք, որ պարզապես հրաշքներ էր գործում «Հալ Սիթիի» դարպասապահ Յակուպովիչը, սակայն դա ոչ մի կերպ չի կարող մխիթարանք լինել տանտերերի համար, ովքեր աղյուսակի վեցերորդ հորիզոնականից չեն կարողանում ոչ մի քայլ այս կամ այն կողմ անել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1163

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ